«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը, ելույթ ունենալով Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին, փորձել է պատասխանել այն հարցին, թե ի՞նչ ունենք եւ ի՞նչ անել:
Պատասխանելով առաջին հարցին, նա նշել է, թե Հայաստանում «ժողովուրդն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում»: Երկրում կա նաեւ հզոր ընդդիմություն` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, հավելել է Սարգսյանը:
Երկրորդ հարցին պատասխանելով` նա կոչ է արել շարունակել գիտակցել եւ հավատալ, թե անհրաժեշտ է հետողականորեն պայքարել երկրում իրավիճակի փոփոխության համար, այդ գործում, ըստ նրա, հաջողության գրավականը ժողովրդի եւ ընդդիմության միասնությունն է:
«Հենց այդ միասնությունն էլ ստիպելու է իշխանություններին զիջումների գնալ»,- ասել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը: Արամ Սարգսյանը նաեւ ասել է, թե այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ գործող նախագահը, ի տարբերություն նախորդի, սկսել է հասկանալ, թե խնդիրները հնարավոր չէ լուծել` խեղդելով արյան մեջ:
Հանրահավաքին հայտարարվել է, թե Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը այսօր չի կարող ելույթ ունենալ, քանի որ մրսածության պատճառով ձայնն է կորցրել:
Այժմ կարճատեւ ընդմիջում է, ապա ելույթ է ունենալու ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:




























