Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) միայնակ չի կարող զբաղվել ընթացիկ շուկայական խնդիրներով, հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն, հայտնում է Mehr-ը։

«Կորոնավիրուսի բռնկումը հանգեցրել է վառելիքի պահանջարկի կտրուկ անկման, ինչը նաեւ բերել է գների անկման այս տարի»,- ասել է Զանգանեն։ Նա նշել է, որ ելնելով նախորդ գնահատականներից՝ ՕՊԵԿ-ը այս տարվա երկրորդ եռամսյակի համար օրական 14 միլիոն բարել նավթի պահանջարկ է սահմանել, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով շուկայական պահանջարկը այժմ կազմում է օրական մոտ երեք միլիոն բարել։

Հայտարարելով, որ ՕՊԵԿ-ը չի կարողանա միայնակ հաղթահարել իրավիճակը՝ Զանգանեն այլ արտադրողներին, այդ թվում թերթաքարային նավթի արտադրողներին, կոչ է արել կատարել իրենց պարտականությունները գլոբալ մարտահրավերի հանդեպ, որպեսզի օգնեն հաղթահարել ճգնաժամը։ Նրա խոսքերով՝ եթե ՕՊԵԿ-ը եւ մնացած խաղացողները, որոնք չեն մտնում ՕՊԵԿ-ի մեջ շուկայում, չհամագործակցեն, իրավիճակը հաստատ կվատանա։