Այնպիսի պայմաններ են դրված տեքստիլ ընկերությունների առջեւ, օրինակ, սոցիալական հեռավորության պահպանում, որ նշանակում է՝ դուք չեք կարող աշխատել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Օրինակ, եթե արտակարգ դրությունը տարածվեր ԱԺ-ի վրա մենք էլ չէինք կարողանա այդ հեռավորությունը պահպանել, չէինք կարող 2 մետր իրարից հեռու նստել:
Հիմա հարց է առաջանում, եթե այդ ընկերություններին չի թույլատրվում աշխատել, ուրեմն պետությունը պետք է այդ 2600 ընտանիքներին աջակցի, գնացեք աջակցեք:
Համ ասում եք՝ մի աշխատեք, համ այնպիսի չափանիշներ եք սահմանել, որ աջակցություն իրենց չի հասնում, համ էլ գնում էդ մարդկանց 100 հազար դրամ տուգանում եք: Այսպես չի լինելու: Վաղ թե ուշ ամեն ինչ բացվելու է եւ մենք սովորելու ենք ապրել կոնորավիրուսի պայմաններում: Որքան շուտ հասկանանք եւ քայլեր անենքն, այնքան շուտ կփրկենք տնտեսության մնացորդները»,-ասաց Մարուքյանը:
Նա նկատեց, որ մինչեւ հիմա մեր պետությունը չի ասել, թե մեր ՀՆԱ-ի քանի տոկոսն է պատրաստ ծախսել էս մարդկանց տանը մնալու համար. «Մենք հաշվել ենք, 0,84 տոկոս է պատրաստ ծախսել, դա ոչ մի բան է: Եկեք որոշենք, որ ում ասում ենք մնա տանը, տանենք 100 հազար դրամ փող տանք»:











