ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանը պետք է պատասխանատվություն կրի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ուղեծիր առաջին ռազմական արբանյակի հաջող արձակման համար։

«Ես կարծում եմ, որ Իրանը պետք է պատասխանատվություն կրի այն բանի համար, ինչ արել է։ Նրանց ռազմական կազմակերպությունը, որին Միացյալ Նահանգներում համարում են ահաբեկչական, արբանյակ է արձակել»,- մամուլի ասուլիսում ասել է Պոմպեոն։

Նրա խոսքերով՝ ՄԱԿ-ը պետք է գնահատի՝ համապատասխանում է արդյոք արբանյակի արձակումը ՄԱԿ ԱԽ բանաձեւի շրջանակներում Իրանի պարտավորություններին։

Նա նաեւ նշել է, որ Ամերիկան չի հանդուրժի, որպեսզի Իրանը իրեն վտանգի ենթարկի։ Մեկնաբանելով նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե ինքը ԱՄՆ ՌԾՈՒ նավերին հետեւող իրանական ռազմական նավակները ոչնչացնելու հրաման է տվել, Պոմպեոն նշել է․ «Նախագահի հայտարարությունը պարզ ասում է այն մասին, որ մենք թույլ չենք տա, որ մեր զինվորները, նավաստիները, օդաչուները եւ ծովային հետեւակայինները վտանգի ենթարկվեն, որ մենք պատրաստվում ենք պաշտպանվել»։ Նա նշել է, որ Թրամփը միշտ ասել է, թե «մենք կանենք ամեն բան, ինչ պետք է, որպեսզի մեր ուժերն անվտանգության մեջ լինեն»։