ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել էր, որ հրաման է ստորագրել ԱՄՆ-ում ներգաղթը կասեցնելու մասին, հայտնում է Fox News-ը: 

«Մեր հրաշալի ամերիկացի  աշխատավորների պաշտպանության համար ես հենց հիմա հրաման եմ ստորագրել Միացյալ Նահանգներում ներգաղթի կասեցման մասին: Դա կերաշխավորի, որ հենց մեր տնտեսությունը վերսկսի գործել բոլոր գործազուրկ ամերիկացիները կլինեն աշխատանքի տեղավորման առաջնագծում»,- Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում ասել էր ԱՄՆ նախագահը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ՝ երեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ ներգաղթային արգելքը ստորագրվելու է 60 օր ժամկետով եւ վերաբերելու է ԱՄՆ-ում մշտական բնակության՝ «գրին քարտի» հայտատուներին, ամերիկացիներին պաշտպանելու նպատակով, որոնք փորձում են կրկին աշխատանք գտնել, որը կորցրել են կորոնավիրուսի համավարակի հետեւանքների պատճառով:

Արգելքը վերանայվելու է 60-օրյա ժամանակահատվածի լրանալուց հետո:

2016 թվականին ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումների թվում էր ներգաղթի չեղարկումը: Նախագահի քաղաքականության քննադատները այս հայտարարությունը համարում են կորոնավիրուսի համավարակից օգտվելու փորձ՝ երկար սպասված քաղաքական նպատակին հասնելու համար:

Վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցիչ հայտարարել է, որ Թրամփի աշխատակազմը քննարկում է առանձին քայլի ներդրումը՝ ուղղված H-1B վիզաների (օտարերկրյա զբոսաշրջիկի վիզա, որն ամերիկյան ընկերություններին թույլ է տալիս մինչեւ 6 տարի ժամկետով օտարերկրացի աշխատողի ընդունել) հայտատուների ընդգրկմանը:

Թրամփը հաստատել է, որ քննարկվում է նաեւ այդ կարգադրության կատարումը:

Սպիտակ տան աղբյուրի խոսքով՝ առաջին հրամանում («գրին քարտի» մասին) բացառություն է արվելու մարդկանց համար, որոնք մասնակցում են կորոնավիրուսի համավարակին արձագանքմանը, այդ թվում՝ ֆերմերային տնտեսությունների աշխատողների եւ նրանց համար, ովքեր օգնում են ԱՄՆ-ում սննդամթերքի մատակարարումների ապահովմանը: