Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` ապրիլի 28-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քեյդանաուին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱԳ նախարարը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան  բարեկամական գործընկերության սերտացմամբ՝ ընդգծելով, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում արձանագրված դինամիկան լայն հնարավորություններ է ստեղծում փոխգործակցության առավել ամրապնդման համար:

Թինա Քեյդանաուն իր հերթին ասել է, որ Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ շահագրգռված են դրանց հետագա խորացմամբ:

Հանդիպմանը հանգամանալից զրույց է տեղի ունեցել երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանն ու Թինա Քայդանաուն քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նշել է նաեւ, որ Միացյալ Նահանգները շարունակելու են գործակցությունը Հայաստանի հետ տարածաշրջանում կայունության հաստատման, տնտեսական զարգացման խթանման, բարեփոխումների իրականացման ասպարեզներում: