ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի փաստաբան Հրանտ Անանյանը մի քանի բողոք-միջնորդություն է ներկայացրել  ՀՀ գլխավոր դատախազություն եւ Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեւորգյանի փաստաբան Հրանտ Անանյանը։

Նշենք նաեւ, որ Անանյանը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած կալանավորման մասին որոշումը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանում։

Անանյանը հինգ միջնորդություն է ներկայացրել. 1.Վերացնել Արթուր Գեւորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը` առանց բավարար եւ պատշաճ հիմքերի կայացված լինելու հիմքով, 2. վերացնել խափանման միջոց կալանավորումն ընտրելու որոշումը՝ թե՛ կասկածի անհիմն լինելու, թե՛ կալանավորման հիմքերի բացակայության պատճառաբանությամբ, 3. վերացնել Արթուր Գեւորգյանին մեղադրյալ ներգրավելու որոշումը 4. դադարեցնել քրեական հետապնդումը՝ հանցակազմի սուբյեկտիվ եւ օբյեկտիվ կողմերի բացակայության հիմքով, 5. կարճել քրեական գործով վարույթը:

Հրանտ Անանյանը միջնորդության մեջ անդրադարձել է Գեւորգյանի կողմից ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի 1426 Մերրիման ԴՐ հասցեում գտնվող առանձնատան ձեռքբերմանն ու դրա համար վճարման ամսաթվին. «Գեւորգյանն այդ գույքը ձեռք է բերել ոչ թե 2019 թվականի հունվարի 10-ին, այլ 2019 թվականի մարտի 6-ին՝ իր պաշտոնը թողնելուց ավելի քան մեկ ամիս անց»։

Պաշտպանը հայտնեց, որ Արթուր Գեւորգյանը չի ծանուցվել. «Հայաստանում գտնվող նրա բնակության վայրում ծանուցագիր չի ուղարկվել։ ԱՄՆ-ի իր բնակության վայրն էլ իրենց հայտնի է, այնտեղ նույնպես ծանուցագիր չի ուղարկվել»։

Նշենք, որ Արթուր Գեւորգյանը տեւական ժամանակ է ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ–ում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախկին պատգամավորին հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու գործով որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։  Պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Պատգամավորն ավելի ուշ հայտարարել էր. «ձեռնարկված քրեական հետապնդումը եւ ընտրված բիրտ գործիքակազմը իրավական չէ, դրա տակ այլ միտում եմ տեսնում, ինչը կապված է իմ անվան եւ շրջապատի հետ»։