Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի փոփոխություններին, որով հնարավորություն է տրվում կառավարությանը համարժեքորեն արձագանքելու տեղի ունեցող իրադարձություններին:

Հարցը ներկայացրեց  Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ով նշեց, որ իրենց կանխատեսումն այն է, որ Հայաստանը 2020 թվականին կունենա 2 տոկոս տնտեսական անկում, մինչդեռ նախատեսված էր 4,9 տոկոսի աճ:

Նա հիշատակեց եւ զբոսաշրջության ոլորտի ներկա վիճակի, եւ տրանսֆերտների կրճատումների մասին:

«Բնական է, որ այսպիսի կանխատեսումը եւ միջոցառումների այսպիսի իրականացումը գնահատվում է որպես շատ անհրաժեշտ, հակառակ դեպքում բացասական ազդեցությունն ավելի կխորանա: Դա հնարավոր է միայն պարտք ներգրավելու միջոցով, որովհետեւ տնտեսական աճի նման սպասումը չի կարող չհանգեցնել հարկային եկամուտների համեմատաբար համեստ ցուցանիշի, քան ծրագրավորված էր ի սկզբանե եւ կանխատեսվում էր որ նույնիսկ կգերակատարվի»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով, լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման գնահատականը մոտ 260 մլր դրամ է, որը անհրաժեշտ կլինի ապահովելու համար ներկայացված սցենարի իրականացումը: «Սա նշանակում է, որ պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը կաճի եւ կմոտենա 60 տոկոսի մակարդակին,մինչդեռ 2019-ի արդյունքներով այդ ցուցանիշը 50 տոկոս էր:

Պետական բյուջեով հաստատված էր 7 տրլն 95 մլրդ անվանական ՀՆԱ: Կանխատեսվող սցենարում կլինի 6 տրլն 485 մլրդ դրամ կամ իրական արտահայտությամբ 2 տոկոսով անկում կլինի, եւ մոտ 170 մլրդ դրամ հարկային եկամուտների պակաս ձեւավորում է ակնկալվում այս սցենարով: 324 մլրդ դրամ էլ կկազմի պակասուրդը, մինչդեռ կանխատեսված էր 161 մլրդ դրամ»,-ասաց նա: