Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը եւ Համաշխարհային առեւտրի կազմակերպության 20 այլ անդամներ պայմանավորվել են այն մասին, որ պարենամթերքի եւ գյուղատնտեսական արտադրանքի առեւտուրը բաց մնա՝ չնայած կորոնավիրուսի տարածման դեմ սահմանափակումներին, հայտնում է Reuters-ը։

Իրենց հայտարարության մեջ ՀԱԿ անդամները, ներառյալ Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան եւ Ճապոնիան, հայտարարել են, որ որոշ երկրներ սահմանափակումներ են մտցնում արտահանման վրա՝ «չնայած անցյալից քաղած դասերին»։

Բրնձի խոշորագույն արտահանող Հնդկաստանը դադարեցրել է արտահանումը աշխատուժի անբավարարության եւ լոգիստիկայի հետ խնդիրների պատճառով։ Մեծությամբ երրորդ արտահանող Վիետնամը նույնպես սահմանափակել է արտահանումը։

Աֆրիկյան երկրները, որտեղ շատ մարդիկ իրենց եկամտի ավելի քան կեսը ծախսում են սննդամթերքի վրա, առավել խոցելի են հիմնական մթերքների մատակարարումների խափանումների հանդեպ։

ՀԱԿ խումբը, որի մասնաբաժինը գյուղատնտեսական եւ ագրոարդյունաբերության արտադրանքի 63% եւ ներկրման 55%-ն է կազմում, հայտարարել է, որ պարտավորվում է արտահանման սահմանափակումներ չմտցնել այդ մթերքների վրա եւ զսպվածություն դրսեւորել պարենի ներքին պահուստների ստեղծման հարցում։

Խումբը նաեւ իր վրա է վերցրել այն պարտավորությունը, որպեսզի ապահովի, որ մատակարարումների շղթաները բաց մնան եւ որպեսզի արտակարգ միջոցառումները նպատակաուղղված, համաչափ, թափանցիկ եւ ժամանակավոր լինեն։ Անդամները նաեւ պայմանավորվել են քննարկել, թե ինչպես բարելավել ՀԱԿ պատրաստականությունը տարածաշրջանային եւ միջազգային համավարակներին։

Հայտարարությունը նաեւ ստորագրել են Չիլին, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Հոնկոնգը, Հարավային Կորեան, Մալավին, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Պարագվայը, Պերուն, Կատարը, Սինգապուրը, Շվեյցարիան, Թայվանը, Ուկրաինան եւ Ուրուգվայը։