Լատվիայի իշխող քաղաքական կոալիցիայի մաս կազմող «Զարգացմանը՝ Այո՛» (Attīstībai/Par!) կուսակցությունների միությունը Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարրությունը ներկայացնում ենք ստորեւ.
«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է. այսօր մարդիկ ամբողջ աշխարհում հարգում են ավելի քան մեկ միլիոն հայերի հիշատակը, որոնք դարձել են 105 տարի առաջ՝ առաջին աշխարհամարտի տարիներին, Օսմանյան կայսրությունում իրականացված հաշվեհարդարի զոհը։ Այդ ցեղասպանության մասին հիշողությունը կարեւոր է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ բոլորիս համար, որպեսզի երաշխավորվի, որ 20-րդ դարի զանգվածային սպանություններն ու չարագործությունները երբեք չկրկնվեն։
Անցյալի ողբերգությունների մասին հիշողությունը այն միջոցներից է, որով մեզանից յուրաքանչյուրն առանձին-առանձին, եւ բոլորս՝ որպես ազգ, այսօր կարողանում ենք դիմակայել ատելությանը, նախապաշարմունքներին եւ անհանդուրժողականությանը։
Ի նշան հայ ժողովրդի հետ համերաշխության՝ "Attīstībai/Par!" կուսակցությունների միությունը հարգանքի տուրք է մատուցում անցյալ դարի ամենամեծ ողբերգություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»:





























