Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը չի համապատասխանում նպատակին եւ նպաստում է ժխտողականությանը: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայկական Ասամբլեայի հայտարարության մեջ:

«Վարչակազմի հայտարարությունը չի համապատասխանում ազգային կոնսենսուսին, որը գտել է իր արտացոլումը Կոնգրեսի ընդունած Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւերում»,-հայտարարել է ԱՀԱ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

«Հայոց ցեղասպանության մասին երկկուսակցական բանաձեւերը սատարելու փոխարեն անցած տարվա աշնանը վարչակազմն անբացատրելիորեն թույլ է տվել Թուրքիայի նախագահին օգտագործել Սպիտակ տունը որպես ցեղասպանությունը ժխտելու վայր՝ փորձելով խոչընդոտել Կոնգրեսի կամարտահայտմանը»,-հայտարարել են ԱՀԱ համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Կրիկորյանը: «Հայոց ցեղասպանության մասին ուղիղ հայտարարելու անկարողությունը ձախողում է ԱՄՆ-ի հեղինակությունն ամբողջ աշխարհում մարդու իրավունքների  նկատմամբ եւ նպաստում ավտորիտար ռեժիմների հնարավորությունների ընդլայնմանը, քանի որ նրանք շարունակում են հետապնդել քրիստոնյաներին եւ այլ փոքրամասնություններին: Հայերի ցեղասպանության փաստն ակնհայտ է: Նախագահական ճանաչումն անխուսափելի է, եւ դա բացթողնված հնարավորություն էր»,-եզրափակել են համանախագահները: