Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հրաժարվեց մանրամասն տեղեկություններ տրամադրել Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում հունվարին հայտնաբերված գանձերի վերաբերյալ՝ ճշգրտելով միայն, որ գտածոներն իրականում հայտնաբերվել են ոչ թե Քաշաթաղում, այլ Սիսիանից 30 կմ հեռավորության վրա տեղակայված Սոնասարում։
«Թանկարժեք այդ զարդերը պատկանում են հելլենական դարաշրջանին։ Ավելին ասել չեմ կարող։ Ուղղակի կասեմ, որ ուսումնասիրություններ եւ փորձաքննություն իրականացնելու համար զարդերը մեզ են հանձնել։ Ուսումնասիրություններն էլ կատարվում են»,- ասաց նա, հավելելով. «Զարդերը մեզ մոտ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ վերեւից որեւէ ուղղորդում չկա»։
Թանգարանի տնօրենը հրաժարվեց պատասխանել հատկապես զարդերի ընդհանուր արժեքի մասին հարցին՝ ասելով, «Ինքներդ էլ գիտեք, էլ ինչո՞ւ եք հարցնում, միեւնույն է, չեմ կարող ասել»։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը նաեւ հրաժարվեց մեկնաբանել Ադրբեջանի մշակույթի նախարարության հայտարարությունը, թե իրենք միջազգային կառույցներից պահանջելու են պատմական գանձերը «վերադարձնել» Ադրբեջանին:
Նշենք, որ դեռեւս հունվարին Քաշաթաղի շրջանում պատահաբար դամբարան է հայտնաբերվել, իսկ դրանում ոսկյա, արծաթյա եւ բրոնզե իրեր` հիմնականում զարդեր: Գտածոն տեղափոխվել է Երեւան` ուսումնասիրությունների: Դամբարանում երկու կմախք է եղել, գտնվել են գահի մետաղական զարդեր, ոսկեպատ վզնոց ու ապարանջաններ, մետաղադրամներ եւ, ըստ ամենայնի, թանկարժեք քարեր:
Ադրբեջանի մշակույթի նախարարությունն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հարցումով դիմել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ էթնոգրաֆիայի ինստիտուտ` պարզելու, թե մոտավորապես ի՞նչ արժեք են ներկայացնում հայտնաբերված հնագիտական առարկաները: Նախարարությունը խոստացել է, որ երբ ադրբեջանցի գիտնականները տրամադրեն որոշակի տեղեկություններ, իրենք կդիմեն համապատասխան միջազգային կառույցներ` պահանջելով պատմական գանձերը վերադարձնել տիրոջը` Ադրբեջանին:




























