Ավստրալիայի կառավարությունը թողարկել է հավելված կորոնավիրուսի տարածումը վերահսկելու համար՝ խոստանալով, որ օրենքում կամրապնդեն գաղտնիությունը պահպանելու միջոցները, հաղորդում է Reuters-ը։

Ինչպես Ավստրալիայում, այնպես էլ Նոր Զելանդիայում հաջողվել է վերահսկել կորոնավիրուսի համաճարակը նախքան վիրուսի՝ առողջապահական համակարգերը վտանգելը, սակայն երկու երկրերի պաշտոնատար անձինք շարունակում են անհանգստանալ կրկնակի բռնկումների ռիսկի առումով։

«Մենք հաղթում ենք, սակայն դեռեւս չենք հաղթել»,-հայտարարել է Ավստրալիայի առողջապահության նախարար Գրեգ Հանթը՝ նշելով հավելվածի թողարկման մասին։

Ավստրալիայի կառավարությունը ցանկանում է, որ բնակչության առնվազն 40 տոկոսը ներբեռնի հավելվածը, որպեսզի այն արդյունավետ լինի։ Ընդ որում՝ նշվում է, որ այն անվտանգ է, չի հետեւի օգտատիրոջ գտնվելու տեղանքին եւ այն հնարավոր կլինի ներբեռնել կամավոր հիմունքով։

Հավելվածի պահպանած կոնտակտային տվյալները թույլ կտան առողջապահության ոլորտի աշխատողներին հետեւել մարդկանց, որոնք կարող են լինել պոտենցիալ վարակակիր։

«Դա կօգնի մեզ վերադառնալ նորմալ կենսակերպին»,-ասել է Հանթը։ «Ոչ ոքի հասանելի չի լինի տվյալները՝ բացառությամբ առողջապահության ներկայացուցիչների»։

Կիրակի Քվինսլենդ եւ Արեւմտյան Ավստրալիա նահանգներում հայտարարել են այս շաբաթվա ընթացքում սոցիալական հեռավորության կանոնները փոքր-ինչ մեղմելու մասին։

Ավստրալիայում հայտնել են կիրակի կորոնավիրուսով վարակման 16 նոր դեպքերի մասին, ինչի հետեւանքով, ըստ առողջապահության նախարարության տվյալների, վակակակիրների ընդհանոր թիվը կազմել է 6 703 մարդ, մահացել է 83 մարդ։

Նոր Զելանդիայում գրանցվել է չորս նոր հաստատված դեպք, ինչի հետեւանքով երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1121-ի։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ մահացել է 18 մարդ։