Արեւմտյան ափի բնակավայրերն ընդլայնելու եւ օկուպացված տարածքներին միացնելու մասին որոշումը խախտում է միջազգային իրավունքը։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սեյեդ Աբաս Մուսավին, հաղորդում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ այդ քայլերը համապատասխանում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խայտառակ ծրագրի իրագործմանը, որը հայտնի է որպես «դարի գործարք»։ Նա նշել է, որ այդպիսի անօրինական գործողությունները խախտում են միջազգային իրավունքն ու սպառնում տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը՝ կոչ անելով ՄԱԿ-ին եւ մյուս միջազգային մարմիններին գործել իրենց պարտավորությունների եւ պարտականությունների շրջանակում այդ գործողությունների կապակցությամբ։

Հղում անելով նրան, որ «սիոնական ռեժիմը» չարաշահում է կորոնավիրուսով պայմանավորված ընթացիկ իրավիճակը՝ Մուսավին ասել է, որ Պաղեստինի ճնշված ժողովուրդը պայքարում է «այնպիսի վիրուսների դեմ, ինչպիսիք են օկուպացիան, պատժամիջոցները եւ միաժամանակ կորոնավիրուսը»։ ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել միջազգային կազմակերպություններին, ինչպես նաեւ մյուս երկրներին օգնության հասնել պաղեստինցի ժողովրդին։