Millionaire Match միլիոնատերերի ծանոթությունների հավելվածը հայտնում է կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի ընթացքում 20 տոկոսով կեղծ էջերի ավելացման մասին։
Հավելվածը ստեղծվել էր 2001 թվականին հատուկ «միլիոնատերերի, բարձրաստիճան եւ հարուստ մարդկանց համար», որոնք հետաքրքրված են երկարաժամկետ հարաբերություններում, հաղորդում է Fow News-ը։
«Մենք ունենք առանց հանգստյան օրերի եւ շուրջօրյա աշխատող թիմ, որը հեռացնում է բոլոր պոտենցիալ խաբեբաներին»,-նշել է Millionaire Match-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Ջոնի Դուն։ «Ծանոթությունների մեր հարթակը ստեղծված է լուրջ հարաբերությունների եւ ամուսնության նպատակով զուգընկեր փնտրելու, ոչ թե այդպիսի մարդկանց համար»։
Վկայագրված էջ ունենալու համար օգտատերը պետք է ունենա տարեկան առնվազն 200 000 ԱՄՆ դոլարի չափով եկամուտ եւ բանկային հաշվի քաղվածք, որը ցույց է տալիս առնվազն 1 միլիոն դոլարի բալանսը։
Մամուլի քարտուղարի խոսքով՝ «որակյալ» էջը պատկանում է օգտատիրոջը, որն ունի «համակրելի, գեղեցիկ, հարուստ, բարձրակարգ, հաջողակ եւ կիրթ» տեսք։ Իսկ «անորակ» թեկնածուները հեռացվում են հավելվածից։
Ներկայում հավելվածում կա ավելի քան 4 միլիոն «բարձրակարգ միայնակ մարդ» ամբողջ աշխարհում, հաղորդվում է մամուլի հաղորդագրությունում։
Այդուհանդերձ, կեղծ օգտատերերի քանակն աճել է 10 տոկոսով ապրիլին՝ ի տարբերություն մարտի տվյալների։
Հավելվածի ներկայացուցչի խոսքով՝ «կորոնավիրուս» եւ «COVID-19» բառերը նույնպես հիշատակվում են օգտատերերի էջերում բավականին հաճախ։
Չնայած կորոնավիրուսի հետեւանքով տնտեսական անկմանը՝ Millionaire Match-ը հայտարարել է, որ իրենց հարթակի բազմաթիվ մասնակիցներ ունեն ձեռնարկություններ, որոնք շարունակում են աշխատել նույնչափ, եթե ոչ ավելի արդյունավետ կերպով ներկայիս ճգնաժամի ընթացքում։





























