Մենք գործընկերային միջավայրում ենք փորձում լուծել խնդիրները, որպեսզի դատական իշխանությունը հնարավորինս շուտ նշանակի նիստերը եւ այսօր պետք է ուրախությամբ փաստեմ, որ այդ ճկուն  գործընկերային հարաբերությունների շնորհիվ մենք կարողացել ենք հասնել նրան, որ միջնորդությունը ներկայացնելուց հետո առնվազն 5-7 օրվա ընթացքում այդ միջնորդությունները քննարկման առարկա են դառնում: Այս մասին Այսօր՝ ապրիլի 27-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը՝ հավելելով, որ սա կարեւոր  քայլ է ծանր հիվանդության հիմքով պատժից ազատելու հետ կապված:

«Ինչ վերաբերում է կառավարությանհամապատասխան որոշմամբ սահմանված հիվանդությունների ցանկին, ինչպես գիտենք, միջգերատեսչական հանձնաժողովն ինքնանպատակ որոշումներ կայացնել չի կարող: Կա կառավարության որոշում, որով սահմանվում է  համապատասխան հիվանդությունների ցանկը, որոնք ունենալու դեպքում միայն անձը կարող է ազատվել պատժի կրումից: Ցանկի ամբողջական վերանայում տեղի է ունեցել 2017-ին, իսկ 2019-ին կատարվել է համապատասխան փոփոխություն, որով նախատեսվել է, որ հիվանդությունների որոշակի փունջը նաեւ կարող է ունենալ կողմնորոշիչ նշանակություն, որպեսզի անձը հնարավորություն ունենա ծանր  հիվանդության հիմքով ազատվի պատժի կրումից:

Մենք յուրաքանչյուր կոնկրետ դեպքում նշանակում ենք փորձաքննություն եւ դրա հիման վրա  անհապաղ միջնորդություն ենք ներկայացնում դատարան, որ այն քննվի: Ազատումն արդեն դատարանների տիրութում է: Որպես կանոն նման հիվանդություն ունեցողներն ազատվում են պատժի հետագա կրումից»,-ասաց փոխնախարարը:

Նա հավելեց, որ եթե այդուհանդերձ, դատարանը որոշում է, որ տվյալ անձը պատժի կրումը պետք է շարունակի «Դատապարտյալների հիվանդանոցում», Քրեատարակողական ծառայությունը եւ Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ը եւս մեկ անգամ միջնորդություն են ներկայացնում: