Մինչեւ հիմա Իրանից Հայաստան է տեղափոխվել 850 քաղաքացի: Այս մասին ապրիլի 27-ին կորոնավիրուսի ազդեցությունը տարածաշրջանի վրա թեմայով քննարկման ժամանակ ասաց Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:

Նա հիշեցրեց, որ մարտի 26-ին եւ 28-ին կազմակերպվել է Հայաստան 2 ավիաչվերթ: «Ինչպես պարզվեց հետո, մարտի 26-ին Հայաստան են ուղեւորվել նաեւ երկու վարակված քաղաքացիներ, որոնք հետո մեկուսացվել են եւ արդեն ապաքինվել են: Արտակարգ պայմաններում հաջողվել է կարգավորել սահմանին երթեւեկությունը, որը սովորական պայմաններում հատում է երկու կողմից 1500 մարդ, եւ, ինչն ամենագլխավորն է, ապահովել բեռնափոխադրումների անխափանությունը»,- հավելեց Թումանյանը:

Դեսպանը կարեւորեց քաղաքացիներ-դեսպանություն, դեսպանություն-Հայաստանի կառավարություն, 2 երկրների իշխանությունների մակարդակով շփումների հաստատումը նույնիսկ Իրանում ծանր իրավիճակի պայմաններում: