ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրականապես հերքել է պետության ղեկավարի ընտրությունները նոյեմբերի 3-ից հետաձգելու հնարավորությունը՝ նման դատողությունները քարոզչություն անվանելով: Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում լրագրողները խնդրել են Թրամփին մեկնաբանել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենի իբր արած հայտարարությունը քվեարկությունը հետաձգելու պետության ղեկավարի հնարավոր փորձերի մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես երբեք անգամ չեմ մտածել ընտրությունները օրը փոխելու մասին: Ինչո՞ւ պիտի դա անեմ,- նշել է Թրամփը ճեպազրույցի ժամանակ: - Նոյեմբերի 3-ը հրաշալի օր է: Դա քարոզչություն է, որը կազմել է ոչ ինքը [Բայդենը], այլ մարդիկ, որոնք զբաղվում են կարճ հայտարարություններ գրելով»:

«Բայդենն այդպիսի հայտարարություն չի կատարել, բայց ինչ-որ մեկ ուրիշն արել է: Նրանք հայտարարում են, որ դա Բայդենն է անում, թող նա իմանա»,- ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը:

Բայդենի մամուլի ծառայությունում աշխատող CBS-ի լրագրող Բո Էրիքսոնը ապրիլի 23-ին պնդել էր, որ նա առցանց հանդիպման ժամանակ հայտարարել է ընտրությունները հետաձգելու Թրամփի հնարավոր փորձերի մասին:

Ընդ որում՝ ԱՄՆ առաջնորդը բազմիցս հայտարարել է, որ երկրում համընդհանուր ընտրությունները անցկացվելու են նախատեսվածի պես՝ նոյեմբերի 3-ին, չնայած համավարակին: Թրամփը խիստ քննադատել է փոստով քվեարկություն անցկացնելու տարբերակը: