Բրազիլիայի Գերագույն դաշնային դատարանը որոշում է կայացրել հետաքննությու` սկսել Արդարադատության նախկին նախարար Սերժիու Մորոյի կողմից երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուի դեմ ուղղված մեղադրանքների կապակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Globo-ն:
Դատարանի որոշման համաձայն` հետաքննության համար 60 օր է հատկացվել:
Անցյալ շաբաթ Բրազիլիայի արդարադատության նախարար Սերխիո Մորոն հայտարարել էր, որ հրաժարական է տվել դաշնային ոստիկանությունում ղեկավարության փոփոխության շուրջ նախագահի հետ իր տարաձայնությունների հետ կապված եւ մեղադրել էր Բոլսոնարուին կոռուպցիոն սկանդալների հետաքննությունների համար պատասխանատու այդ գերատեսչության գործունեությանը միջամտելու մեջ:
Հնչեցված հայտարարությունից հետո Բրազիլիայի գլխավոր դատախազությունը խնդրեց Գերագույն դաշնային դատարանին հետաքննել Մորոյի պնդումները Բոլսոնարուի վերաբերյալ: Հաղորդվում էր, որ եթե Գերագույն դաշնային դատարանը որոշի հետաքննություն նախաձեռնել, Գլխավոր դատախազը կարող է պաշտոնական բողոք ներկայացնել:
Բոլսոնարուն, իր հերթին, մեղադրանքներից հետո հայտարարել էր, որ ինքը երբեք չի փորձել պաշտպանել իր ընտանիքի անդամներին դաշնային ոստիկանության օգնությամբ:
Մորոն Բրազիլիայի ամենահանրաճանաչ նախարարներից մեկն է, նա իրեն քաղաքական հեղինակություն է վաստակել դեռ Lava Jato հակակոռուպցիոն օպերացիայում դատավոր եղած ժամանակ: Մորոն հեռացել էր կառավարությունից մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ նախագահ Բոլսոնարուն աշխատանքից հեռացրեց Առողջապահության նախարար Էնրիկե Մանդետային` կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների հարցում տարաձայնությունների պատճառով:





























