ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ամբողջությամբ բավարարել է ավագ քննիչ Միքայել Զադոյանի պաշտպանի բողոքը եւ Զադոյանին անպարտ ճանաչել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Զադոյանի պաշտպան Հրանտ Անանյանը։
«Հենց նոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը(դատավորներ պարոն Ա.Ազարյանի եւ տիկին Ն.Հովակիմյանի) ամբողջությամբ բավարարեց իմ վերաքննիչ բողոքը, բեկանեց եւ փոփոխեց ավագ քննիչ Միքայել Զադոյանին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4 մասի 2 կետով մեղավոր ճանաչելու եւ 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելու մասին դատավճիռը, նրան ճանաչեց անպարտ եւ արդարացրեց: Խորին ձեւով շնորհակալ եմ իրական արդարադատ դատավորներից անկախ եւ անկաշկանդ, անաչառ դատական ակտի համար»։
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ կաշառքի վերաբերյալ ԱԱԾ-ում հաղորդում է տվել քաղաքացի Բաբկեն Գասպարյանը: Նա, մասնավորապես, ասել է, որ որդու մասնակցությամբ քրեական գործի շրջանակներում փաստաբան Գայանե Գալոյանի միջոցով 3000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել Էրեբունու քննչական բաժնում (Բաբկեն Գասպարյանի որդին՝ Սոս Գասպարյանը, ըստ գործի նյութերի, հարվածել է իր հետ վիճաբանած մի քաղաքացու՝ նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս):
Կաշառքի վերաբերյալ հաղորդման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ամբաստանյալի կարգավիճակում է հայտնվել հենց ինքը` Բաբկեն Գասպարյանը, փաստաբան Գայանե Գալոյանը, Միքայել Զադոյանն, որը Բաբկեն Գասպարյանի որդու գործով քննիչն է եղել։




























