Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը, նաեւ Վրաստանի հայկական կազմակերպությունները այդ երկրի իշխանությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ կազմակերպությունների շարքում են Վրաստանի հայերի միությունը, Վրաստանի հայերի ազգային Կոնգրեսը, Աջարիայի հայերի միությունը, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» ասոցիացիան, Համահայկական խաղերի Վրաստանի միջազգային ասոցիացիան, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը, «Շեն» ասոցիացիան, «Հայարթուն» միավորումը, Վրաստանի հայերի «Նոր սերունդ» ասոցիացիան եւ Թբիլիսիի Հայերի Ասամբլեան:
Կոչն ուղղված է Վրաստանի նախագահին եւ խորհրդարանին:
Կոչի հեղինակները նշում են, որ միայն այդպես իրենց Հայրենիքը կարող է իր լուման բերել նման իրադարձությունների հետագա կանխարգելման գործին: Նրանք հիշատակել են նաեւ, որ թուրքական հասարակությունում էլ այսօր ակտիվացել են ճանաչման եւ դատապարտման կոչերը:
Վիրահայերը նշել են, թե հավատում են, որ չնայած մի շարք հանգամանքների, Վրաստանը կճանաչի ու կդատապարտի, այդպիսով վկայելով իր հավատարմությունն արդարությանը եւ ճշմարտությանը:



























