Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլլոմբը պատրաստակամություն է հայտնել  կազմակերպել տրանսպորտի, մետրոյի կառավարման, աղբահանության ոլորտները ներկայացնող գործարարների խմբի այցը Երեւան: Այս մասին նա հայտարարել է ապրիլի 26-ին Փարիզում Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել  մշակել համագործակցության կոնկրետ ուղղությունները` նոր եռամյա ծրագիրը ստորագրելու համար: Երեւանի քաղաքապետը վերահաստատել է  Լիոնի քաղաքապետին Երեւանում հյուրընկալելու իր հրավերը:

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ Փարիզի քաղաքապետ, Ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեի հանդիպման ընթացքում  քննարկվել են հոկտեմբերի 24-27-ը Երեւանում կայանալիք Ֆրանսախոս քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 31-րդ գլխավոր գագաթաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:  

Կարեն Կարապետյանն առաջարկել է  ակտիվացնել գործարար շփումները, նշելով, որ  Երեւանը բաց է ներդրումների համար.  «Հրավիրում ենք ներդրումներ կատարել քաղաքային տնտեսության այն ոլորտներում, որոնց կառավարման արդյունավետ, ձեւավորված մշակույթ կա: Մենք պատրաստ ենք Երեւանում Ֆրանսիայից ոչ պակաս հարմարավետ բիզնես միջավայր ստեղծել»,– ասել է Կարեն Կարապետյանը:

Ապրիլի 27-ին  «ACCOR» ընկերության փոխնախագահ Քրիստիան Կարաոգլանյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում ստորագրվել է  մտադրությունների արձանագրություն, որով նախանշվում են  հյուրանոցային կառավարման հայտնի ընկերության` «ACCOR»-ի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ համագործակցության շրջանակները` Երեւանում հյուրանոցային տնտեսության ոլորտում ներդրումների բնագավառում: