WhatsApp մեսենջերի մշակողների թիմը թարմացում է թողարկել` սովորական օգտատերերի համար տեսազանգերի մասնակիցների ավելացված քանակով: Այս գործառույթը վերջին շրջանում ինտենսիվորեն քննարկվում էր համացանցում, փոխանցում է IXBT-ն: Ավելի վաղ այս գործառույթը հասանելի էր թեստային ռեժիմով հավելվածի բետա տարբերակում: Թեստավորումն անցկացվում էր անցած շաբաթվանից:
Այժմ WhatsApp-ն ընդլայնված լիմիտով iPhone-ի համար կարելի է ներբեռնել App Store-ից եւ Android սմարթֆոնների համար` WhatsApp կայքից (տարբերակ 2.20.141): Հետաքրքիր է, որ Google Play-ում հասանելի է հավելվածի միայն հին տարբերակը:
Թարմացումը թույլ է տալիս մինչեւ ութ անձ միացնել խմբային զանգերին` նախորդ չորսի փոխարեն: Մշակողները նշում են նաեւ, որ նման զանգերը պաշտպանված են: Ընդ որում, բոլոր մասնակիցները պետք է օգտագործեն WhatsApp-ի վերջին տարբերակը:
IPhone օգտագործողների համար նոր տարբերակում բարելավվել է նաեւ ինտերֆեյսը` iOS 13-ի դիզայնին համապատասխանելու համար, այդ թվում հաղորդագրությունների կառավարման նորացված մենյու է հայտնվել:
Մինչդեռ ցանցում հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ Facebook-ը, այնուամենայնիվ, կարող է փչացնել WhatsApp-ը գովազդներով:





























