Տրիպոլի քաղաքը ցնցած ցույցերը աստիճանաբար կարող են տեղափոխվել նաեւ Բեյրութ, որտեղ մարդկանց կուտակումներ են դիտարկվում։ Այս մասին ապրիլի 28-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լիբանանում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը։
Նրա խոսքերով՝ տեղական արժույթի արժեզրկման հետ կապված սոցիալ-տնտեսական իրավիճակը շատ ծանր է, եւ կառավարությանը չի հաջողվում կայունացնել այն։ «Այս ամենը խորանում է կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամից։ Այս ֆոնին լարվածություն է դիտարկվում նաեւ երկրի քաղաքական դաշտում, որը արտահայտվում է ինչպես ներկա իրավիճակի, այնպես էլ վերջին տարիների տապալված քաղաքականության հանդեպ ընդդիմադիր ուժերի քննադատության մեջ։ Իշխանություններն, իրենց հերթին, ամեն ինչում մեղադրում են երկրի Կենտրոնական բանկի նախագահին»,- նշեց նա։
Շահան Կանդահարյանն ընդգծեց, որ հայ համայնքը ավելի շուտ տրամադրված է նրան, որ պետք է ժամանակ տալ նոր կառավարությանը, եւ չի ներգրավվում բողոքի ցույցերում։ «Այժմ համայնքը զբաղված է խոցելի խավերի համար օգնության կազմակերպմամբ՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված»,- ամփոփեց գլխավոր խմբագիրը։





























