ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Թինա Քեյդանաուն կարեւոր է համարում Հայաստանում ժողովրդավարական գործընթացների շարունակականության ապահովումն ու Ընտրական օրենսգրքի բարեփոխումը: Այս մասին նա հայտարարել է այսօր` ապրիլի 29-ին Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հ. Աբրահամյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առկա հարաբերությունների մակարդակը: Նա  շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից  Հայաստանին տարբեր ոլորտներում ցուցաբերվող աջակցության համար:

Քեյդենաուն ողջունելի է համարել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ կազմակերպված բաց եւ թափանցիկ  քննարկումները, փոխարենը մտահոգություն է հայտնել Հայաստանի տնտեսական իրավիճակի շուրջ եւ նշել, որ իրենց նպատակն է աջակցել Հայաստանին առաջընթաց ապահովելու գործում:

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին` ԱԺ նախագահը նշել է, որ Սերժ Սարգսյանը երկրում երկխոսության եւ հանդուրժողականության մթնոլորտ հաստատելու համար արմատական քայլեր է կատարում:

Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ մինչեւ մայիսի վերջ, խորհրդարանական ընտրություններից մոտ մեկ տարի առաջ  խորհրդարանը կընդունի բարեփոխված ընտրական օրենսգիրքը, իսկ մինչ այդ, մայիսի սկզբին Վենետիկի հանձնաժողովի անդամների մասնակցությամբ Ազգային ժողովում կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ: