Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը լավ հնարավորություն է հայաստանյան բարեփոխումներին նոր թափ հաղորդելու համար: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` ապրիլի 29-ին ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպման ժամանակ: Կառավարության ղեկավարի դիտարկմամբ, բարեփոխումների իրականացման առումով ԵՄ դերակատարությունն աճել է:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանում ընթացող բարեփոխումների ընթացքը, մասնավորապես, հանրային ծառայության ոլորտում ՀՀ կառավարության վերջին նախաձեռնությունները, որոնք միտված են պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը: Վարչապետն առաջնահերթ է համարել դրանք, քանզի արդյունավետ կառավարման համակարգի կայացումը կնվազեցնի կոռուպցիայի ծավալը` նպաստելով բիզնես միջավայրի բարելավմանը։ Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ ողջունում եւ աջակցում է այդ բարեփոխումների իրականացումը:
Երկուստեք ընդգծվել է նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ տարվող աշխատանքների կարեւորությունը, անդրադարձ է եղել ԵՄ-ի հետ անցագրային ռեժիմի պարզեցման խնդրին: Քննարկվել են հարկային ու մաքսային վարչարության ոլորտներում բարեփոխումները, ինչպես նաեւ այդ բարեփոխումներին ԵՄ կողմից օժանդակության տրամադրումը: Կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ հարաբերությունների օրակարգում առկա մի շարք այլ հարցերի, մասնավորապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, էներգետիկայի վերաբերյալ:



























