Հարգելի գործընկերներ, մենք հեղափոխության մասին երկու տարի առհասարակ չենք խոսել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28–ին, Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Մենք առհասարակ հրաժարվել ենք ձեզ հետ կրել հեղափոխության դափնիները, որովհետեւ, այո, մենք գնացել ենք երկու տարբեր ճանապարհներով։ Բայց դուք երկու տարի է՝ խոսում եք հեղափոխությունից, խոսում եք մեծամիտ, խոսում եք լկտիաբար եւ փորձում եք մեզ վրա անընդհատ ցեխ շպրտել, հիշեցնել անցյալը։ Հարգելի գործընկերներ, դա ձեզ արդեն պատիվ չի բերում, հարգեք ինքներդ ձեր կատարած աշխատանքը, հարգեք Նիկոլ Փաշինյանի կատարած աշխատանքը։ Դա շատ կարևոր է ձեր երկարակեցության համար։ Եվ առհասարակ, երբ դուք խոսում եք այստեղ եւ ամաչում եք խորհրդարանի երրորդ քաղաքական ուժի ղեկավարից, նաեւ ամաչեք ձեր խորհրդարանի փոխնախագահի համար։ Եվ այո, դուք պիտի գաք այստեղ եւ ներողություն խնդրեք ժողովրդից, որովհետեւ այսօր ի պատասխան մեր առաջարկի, որ ասում ենք՝ մարդիկ փողի կարիք ունեն, տանենք տուն, իրենց փող տանք, եւ դա օդ ու ջրի պես պետք է, ի պատասխան դրա դուք վերածեցիք այս ամենը ծաղրուծանակի, վերածեցիք կրկեսի եւ կռվի, որովհետեւ դա էր ձեզ պետք»,– ասաց նա։