Մի խումբ կազմակերպություններ, այդ թվում ՄԻԱԿ կուսակցությունն ապրիլի 8-ից մայիսի 8-ն իրականացնում է «Լեռնային Ղարաբաղ. Ճշմարտություն եւ փաստեր» խորագիրը կրող նախագիծ: Նախագծի հիմնական նպատակը ԼՂ հակամարտության պատմական հանգամանքների, ընթացքի եւ իրական փաստերի վերաբերյալ ամփոփ եւ համապարփակ նյութերի համացանցային հասցեական տարածումն է աշխարհի բոլոր երկրների ազգային կառավարությունների, հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների, ինչպես նաեւ հեղինակավոր միջազգային կառույցների ազդեցիկ եւ շահագրգիռ ներկայացուցիչների շրջանում: Նախագծի ռազմավարական նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչմանը նպաստելն է:
Նախաձեռնող խումբը facebook սոցիալական ցանցում բացել է «Nagorno-Karabakh: The Truth and facts» խումբը: ԼՂ հակամարտության մասին պատմող փաստաթուղթն ուղարկվել է նաեւ Ադրբեջան եւ Թուրքիա:
«Ադրբեջանից Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամից պաշտոնապես պատասխանել են, որ երբեք Ղարաբաղը հետ չենք ստանա»,- հայտնել է ՄԻԱԿ-ից Նաիրա Կարապետյանը: Թուրքիայից «Հաբեր թուրք» հեռուստաընկերությունն է արձագանքել նամակին` միայն նշելով, որ կծանոթանա փաստաթղթին:
Փոխարենը դրական պատասխաններ են ստացվել Բրույսելում գործող «Հայաստանի եվրոպական գործընկերներ» կազմակերպության ղեկավար Մայքլ Քեմբքից:
Նախաձեռնող խումբը ԼՂ հակամարտության մասին համապարփակ փաստաթուղթն արդեն ուղարկվել է 1 մլն 700 հազարից ավելի մարդու` Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իտալիա եւ այլ երկրներ:
Նախագիծը նաեւ նպատակ ունի հանրայնացնել ԼՂ հակամարտության պատմական հանգամանքների, ընթացքի եւ իրական փաստերը, չեզոքացնել Ադրբեջանի ռազմատենչ եւ բացահայտ կեղծիքի վրա հիմնված քարոզչության հետեւանքները, ամրապնդել ԼՂՀ միջազգային ճանաչման գործում բազմաթիվ միջազգային, հասարակական, քաղաքական կազմակերպությունների եւ ազդեցիկ գործիչների ջանքերի մոբիլիզացումը եւ նրանց հետ շարունակական հարաբերությունները:




























