Հայաստանում ակտիվորեն պատրաստվում են այս տարվա հոկտեմբերին կայանալիք մարդահամարին: Արդեն հաստատվել է կարգավորող փաստաթղթերի մեծ մասը: Այդ մասին հայտարարվել է 2011թ. անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի հերթական նիստում` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՏԿՆ մամուլի ծառայությունից, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից տեղեկատվություն է ներկայացվել մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
Մասնավորապես նշվել է, որ մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման գործառույթների կանոնակարգման ու իրականացման համար անհրաժեշտ 66 փաստաթղթերից 46-ն արդեն իսկ հաստատվել են ՀՀ վիճակագրության պետական խորհրդի (ՎՊԽ) որոշումներով, որոնք հրապարակվել եւ հասանելի են ՀՀ ԱՎԾ ինտերնետային կայք-էջի` «Մարդահամար-2011» բաժնում: Մարդահամարի ծրագրի (հարցաշարի)` ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվելուց հետո, մյուս փաստաթղթերը եւս կհաստատվեն:
Նիստում անդրադարձ է եղել համայնքներում հասցեների ճշգրտման խնդրին` հոկտեմբերի 12-21-ը բուն մարդահամարի արդյունավետ իրականացման տեսանկյունից:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տվյալներով` 2010թ. դեկտեմբերիի 24-ից մինչեւ այս տարվա ապրիլի 24-ը ճշգրտվել է 12 հազ. 118 քաղաքացու հասցե: Փոխվարչապետը նշել է, որ գործընթացը կշարունակվի մինչեւ հունիսի 1-ը, որպեսզի բուն մարդահամարի նախաշեմին նոր փոփոխություններ չլինեն:
Մանրամասն քննարկվել է նաեւ մարդահամարի ծրագրի (հարցաշարի) նախագիծը, որը կազմվել է Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի հանձնարարականների համաձայն, ներկայացվել շահագրգիռ պետական մարմիններին ու ոչ կառավարական հաստատություններին եւ փորձարկվել 2010թ. հոկտեմբերին անցկացված փորձնական մարդահամարի ընթացքում:
Հանձնաժողովը հավանության է արժանացրել նախագիծը, եւ Ազգային վիճակագրական ծառայությանն առաջարկվել է այն ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը: Նիստում քննարկվել են նաեւ մի շարք կազմակերպչական, այդ թվում` մարդահամարի անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների հայթայթմանն առնչվող հարցեր: Փոխվարչապետը տեղեկացրել է, որ պետբյուջեից հատկացումները 21 տոկոսի փոխարեն կկազմեն ընդհանուր գումարի (6,7մլն դոլար) 25 տոկոսը:
Ա. Գեւորգյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել այն պետություններին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերել 2011թ. բուն մարդահամարի կազմակերպմանը: Նա կարեւորել է անհրաժեշտ միջոցների ներգրավման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը, որի վերաբերյալ կա նաեւ ՀՀ նախագահի հանձնարարականը: ՀՀ արտաքին գործերի եւ էկոնոմիկայի նախարարություններին հանձնարարվել է հարցը պահել օրակարգում` աշխատելով հատկապես Եվրամիության, ԵՄ անդամ-երկրների, ԱՄՆ-ի հետ:





























