ԱՄՆ-ը չգիտի, թե ուր է կորել Կիմ Չեն Ընը, սակայն ուշադիր հետեւում է նրա առողջական վիճակի մասին հաղորդագրություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։
Կիմ Չեն Ընը հանրության շրջանում չի երեւացել արդեն մի քանի շաբաթ, ինչը նրա առողջական վատ վիճակի եւ նույնիսկ մահվան մասին լուրերի շրջանառության պատճառ է դարձել։ Փհենյանը որեւէ կերպ չի արձագանքում այդ լուրերին։ Տեղական ԶԼՄ-ները հայտնում են երկրի առաջնորդի ակտիվ գործունեության մասին։ Նախօրեին Սեուլում հայտարարել են, որ Չեն Ընի առողջության վատ վիճակի եւ մահվան մասին լուրերն անհիմն են։
«Մենք նրան չենք տեսել։ Մենք որեւէ տեղեկատվություն չունենք, մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Պոմպեոն այն բանից հետո, երբ նրան հարցրել են Կիմ Չեն Ընի առողջական վիճակի վերաբերյալ հակասական տեղեկությունների մասին։
Պոմպեոյի խոսքերով՝ Միացյալ Նահանգները նույնպես հետեւում են Հյուսիսային Կորեայում իրավիճակին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված ռիսկը։ «Մենք ուշադիր հետեւում ենք դրան, քանի որ դա իրական ազդեցություն է թողնում մեր առաքելության վրա, որը վերջին հաշվով կհանգեցնի Հյուսիսային Կորեայի ապառազմականացմանը»,- ասել է նա։





























