Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։
Զրուցակիցները քննարկել են կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մարտահրավերները եւ դրանց լուծմանն ուղղված քայլերը։ Կողմերը շոշափել են տարածաշրջանում վերջին զարգացումները։ Արցախում տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների համատեքստում նախարար Մնացականյանը ընդգծել է Արցախում ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրությունների կարեւորությունը՝ մարդու իրավունքների իրականացման, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման եւ խաղաղ կարգավորման գործընթացի զարգացման տեսակետից։
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ եւ մասնակցությամբ ապրիլի 21-ին կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների տեսակոնֆերանսին, որի արդյունքում ընդունվել է համատեղ հնգակողմ հայտարարություն։
Սրա հետ կապված՝ փոխադարձ հատուկ ընդգծվել է հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման եւ ամրապնդման քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը` նոր տեսակի կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարի պայմաններում:




























