ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կորոնավիրուսի հետ կապված Չինաստանի գործողությունները ապացույցն են այն բանի, որ Պեկինը «հնարավոր ամեն ինչ կանի», որպեսզի ինքը չհաղթի երկրորդ ժամկետի համար։ Reuters-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ տարբեր տարբերակներ է դիտարկում վիրուսի պատճառով Չինաստանի համար հետեւանքների տեսակետից։ «Ես շատ բան կարող եմ անել»,- ասել է նա։

Թրամփը Չինաստանին է վերագրում համաշխարհային համավարակի մեղքը, որը 58 000 մարդու մահվան պատճառ է դարձել ԱՄՆ-ում եւ ամերիկյան տնտեսությունը տարել է խորը ռեցեսիայի՝ սպառնալիքի տակ դնելով եւս մեկ ժամկետ ղեկավարելու նրա հույսերը։

Թրամփի խոսքերով՝ Չինաստանը պետք է ավելի ակտիվորեն եւ ավելի վաղ հայտներ աշխարհին կորոնավիրուսի մասին։ «Չինաստանն ամեն ինչ արել է, որ ես պարտվեմ մրցպայքարում»,- ասել է Թրամփը։ Նա հավելել է, թե հավատում է, որ Պեկին ուզում է, որ իր մրցակից Ջո Բայդենը հաղթի, որպեսզի թուլացնի ճնշումը, որը Թրամփը գործադրել է Չինաստանի վրա՝ առեւտրի եւ այլ հարցերում։