Միացյալ Նահանգների իշխանությունները քաջատեղյակ են, թե կոնկրետ ինչ է կատարվում ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, բայց չեն ցանկանում հայտարարել այդ մասին: Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես հասկանում եմ, թե ինչ է կատարվում, ես պարզապես չեմ կարող հիմա խոսել Կիմ Չեն Ընի մասին: Ես ուղղակի հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Բայց ես շատ լավ հասկանում եմ իրավիճակը», - ասել է նա:

ԿԺԴՀ առաջնորդը հանրության առջեւ չի հայտնվել ապրիլի 11-ից, երբ անցկացրեց Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի նիստը ներքաղաքական հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, Կիմ Չեն Ընն ապրիլի 12-ին չի մասնակցել Գերագույն ազգային ժողովի ամենամյա նստաշրջանին եւ իր ղեկավարման օրվանից առաջին անգամ չի մասնակցել ապրիլի 15-ին Կիմ Իր Սենի 108-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը Կիմսուսանի Արեւի պալատում:

Այս հանգամանքը հիմք է հանդիսացել Կիմ Չեն Ընի հնարավոր հիվանդության մասին լուրերի համար, որոնք այժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանվում պաշտոնական անձանց կամ լրատվամիջոցների կողմից եւ չեն հաստատվում Փհենյանի աղբյուրներում: Ավելի ուշ CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրը, հաստատումով էր հանդես եկել այն մասին, որ Վաշինգտոնում ուսումնասիրում են հետախուզական տվյալները ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջության վատթարացման վերաբերյալ, իբր, տարած վիրահատությունից հետո: Թրամփն ավելի ուշ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ, ըստ իր տվյալների, լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Հարավկորեական իշխանությունները եւս հայտարարել են Կիմ Չեն Ընի հիվանդության մասին որեւէ տեղեկատվության բացակայության մասին, իսկ Չինաստանի արտգործնախարարությունում կասկած են հայտնել CNN-ում տեղ գտած տեղեկատվության աղբյուրի կապակցությամբ: