Ամերիկյան վարչակազմը պոտենցիալ կերպով ի վիճակի է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների համար կորոնավիրուսի տարածման պատճառով, եւ չէր ցանկանա այդ կապակցությամբ օգտագործել Պեկինի նկատմամբ ունեցած իր պարտքային պարտավորություններից հրաժարվելը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրան հարց էր ուղղվել` արդյոք ԱՄՆ կառավարությունն ի վիճակի է հրաժարվել Չինաստանի նկատմամբ ունեցած իր պարտավորություններից` «որպես պատիժ վիրուսի համար»: «Ես դա կարող եմ դա այլ կերպ անել: Ես կարող եմ հասնել նույն բանին` նույնիսկ մեծ քանակությամբ փողի [ստանալու] համար պարզապես մաքսատուրքեր սահմանելով: Այնպես որ, պարտադիր չէ, որ ես դա անեմ»,- ասել է ԱՄՆ առաջնորդը:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն մոտ 1 տրլն դոլարի պարտքային պարտավորություններ ունի Չինաստանի նկատմամբ: «Դա մոտ տրիլիոն դոլար է, մի քիչ ավել, որքանով ես հասկանում եմ: Բայց ինձ թվում է, որ մենք կարող ենք դա անել ավելի պարզ ձեւով»,- ասել է Թրամփը: Նա խոստովանել է, որ «եթե սկսել խաղալ այդ խաղերը»` հրաժարվել պարտքի մի մասից, ապա այդպիսի քաղաքականությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: «Մենք պետք է պաշտպանենք դոլարը, պաշտպանենք դոլարի կայունությունը, դոլարի կարեւորությունը»,- շեշտել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը: Նրա կարծիքով` ԱՄՆ դոլարը «համաշխարհային պատմության ամենակարեւոր արժույթն է»:

Թրամփը, առանց մանրամասնելու, պնդել է, որ ԱՄՆ-ն գործելու այլ տարբերակներ եւս ունի: «Դուք ասում եք.« Մենք ձեզ որոշակի գումար ենք պարտք, բայց չենք վերադարձնի»: Բայց երբ դուք սկսում եք խաղալ այդ խաղը, դուք վնաս եք հասցնում հիմնական համաշխարհային արժույթի կայունությանը եւ կարեւորությանը: Մենք դա կարող ենք այլ մեթոդներով ապահովել: Մենք դա կարող ենք ապահովել մաքսատուրքերի միջոցով: Մենք կարող ենք դա այլ մեթոդներով ապահովել` առանց այդ խաղը խաղալու»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

«Վրեժխնդրության միջոցառումների կիրառման ռազմավարություն»

Ինչպես հինգշաբթի օրը փոխանցել էին մի շարք ամերիկյան ԶԼՄ-ներ, ԱՄՆ վարչակազմը սկսել է ուսումնասիրել Չինաստանի դեմ համավարակի հետ կապված տարբեր միջոցառումների կիրառման հնարավորությունը։ Ըստ The Washington Post-ի՝ ԱՄՆ կառավարությունը սկսել է «Չինաստանի հանդեպ վրեժխնդրության միջոցառումների կիրառման ռազմավարություն կազմել»։

Դիտարկվող այդպիսի միջոցառումներից է նաեւ Չինաստանի հանդեպ պարտքային պարտավորություններից մասամբ հրաժարվելը, նրա ինքնիշխան անձեռնմխելիությունը սահմանափակելու փորձերը՝ ամերիկյան դատարաններում դատական հայցեր ներկայացնելու եւ պատժամիջոցներ կիրառելու նպատակով:

Չինաստանի հանդեպ քայլերը

ԱՄՆ հետագա քայլերը Չինաստանի հանդեպ հիմնականում կորոշվեն նոր կորոնավիրուսի տարածման հանգամանքները դիտարկելու արդյունքում, հայտարարել է Դոնալդ Թրամփը։

«Կորոնավիրուսը Չինաստանից է եկել, եւ դա անընդունելի է։ Մենք այժմ պարզում ենք, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Մենք պետք է պատասխան ստանանք, եւ այն կորոշի ինչպես վարվել Չինաստանի հետ»,- ասել է նախագահը։

Պատասխանելով կորոնավիրուսի բռնկման իրավիճակում ՉԺՀ ղեկավարության գործողությունների մասին հարցին՝ Թրամփն ասել է․ «Բռնկումն, անկասկած, պետք է կանգնեցվեր։ Ինձ, ինչպես եւ ամբողջ աշխարհին, ցանկալի կլիներ, որ նրանք այն կանգնեցնեին»։

«Դա հրաշալի երկիր է։ Գիտական մեթոդներով կամ այլ կերպ նրանք կարող էին զսպել (կորոնավիրուսի տարածումը), նրանք կարող էին կանգնեցնել այն, սակայն նրանք դա չեն արել»,- հավելել է պետության ղեկավարը։