Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հետաձգել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու մասին` Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդության քննարկումը։
Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնել էր, չեն հասցրել ամբողջությամբ ծանոթանալ գործի նյութերին, եւ նիստը հետաձգելու մասին միջնորդություն են ներկայացրել դատարան, ինչը բավարարել է։
Նշենք, որ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Հիշեցնենք, որ Խաչատրյանների փաստաբանական թիմը հայտարարել էր, որ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքը լրացվել է՝ փողերի լվացման եւ կաշառք ստանալուն օժանդակելու համար։
Նշենք, որ Գուրգեն Խաչատրյանը Ucom ընկերության վերաբերյալ հայտարարել էր, որ եղել է բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով օտարման պահանջ, հակառակ դեպքում սպառնացել են, որ կլինեն առավել ծանր մեղադրանքներ եւ կալանավորում։
Անդրադառնալով Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքի լրացմանը, որը կապված է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, Երեմ Սարգսյանն ասել էր. «Աբսուրդ մեղադրանքներ են։ Եթե Սեդրակ Առուստամյանը հետ ստանա այս փոխառության գումարները՝ պատկերացնո՞ւմ եք ինչ կասեն, կասեն կաշառքը հե՞տ վերցրեց։ Ակնհայտ աբսուրդ է»։




























