Ապրիլի 30-ի երեկոյան ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի 1-ին սպայական գումարտակի եւ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Երթեւեկության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորած եւ ճանապարհային երթեւեկության կանոնները կոպիտ կերպով խախտած 24 վարորդների մեքենաներ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Տրանսպորտային միջոցներից երկուսը շահագործվում էր ժամկետանց համարանիշերով, նույնքան մեքենա՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, մեկը գտնվում էր հետախուզման մեջ, երկու վարորդ չուներ վարորդական իրավունքի վկայական։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել են նաեւ առանց համարանիշերի շահագործվող երկու մեքենա եւ երկու մոտոցիկլետ, որոնք եւս տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Երկու տրանսպորտային միջոցի խլացուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթեւեկելու համար։ Հայտնաբերվել է նաեւ թաղանթապատված դիմապակիով շահագործվող չորս մեքենա։ Հայտնաբերված օրինախախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։

Ճանապարհային ոստիկանության հետեւողական միջոցառումները ամենօրյա են, ուստի ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել երթեւեկության կանոնները՝ չդրսեւորելով ավելորդ ինքնավստահություն։