Տեղեկություններն այն մասին, որ նոր կորոնավիրուսի վտանգավորության մասին ամերիկյան հետախուզության առաջին նախազգուշացումները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին են ուղարկվել դեռեւս հունվարի սկզբին, իրականությանը չեն համապատասխանում: ԱՄՆ առաջնորդն այս մասին կիրակի հայտնել է իր Twitter-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հետախուզությունը հենց նոր է ինձ զեկուցել, որ ես ճիշտ էի: Նրանք կորոնավիրուսի թեման չեն բարձրացրել մինչեւ հունվարի վերջին օրերը, եւ դա եղել է անմիջապես այն բանից առաջ, երբ ես արգելեցի Չինաստանից ԱՄՆ մուտքը: Դրանից բացի, նրանք վիրուսի մասին իմիջիայլոց էին խոսում, որպես վտանգ չներկայացնող ինչ-որ բան»,- նշել է նա: «Ստախոս լրատվամիջոցները կրկին ամեն ինչ սխալ են հասկացել»,- հավելել է Թրամփը:
The Washington Post պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ հետախուզությունը Թրամփին մի քանի անգամ զեկուցել է կորոնավիրուսի սպառնալիքի լուրջ բնույթի մասին, իսկ այդպիսի առաջին իրազեկումը ամերիկյան վարչակազմը ստացել է դեռեւս հունվարի 3-ին:
Ջոնս Հոփքինսի համալսարանի տեղեկություններով, որը հաշվարկները կատարում է դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկությունների հիման վրա, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,15 մլն դեպք, մահացել է 67 հազարից ավելի մարդ:





























