Մարտի կեսից ավելի քան երկու հազար ՀՀ քաղաքացի է վերադարձել հայրենիք: Այս մասին մայիսի 4-ին Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Մասնավորապես, ըստ նրա, արտաքին գործերի նախարարության ակտիվ մասնակցությամբ Հայաստան է վերադարձել 2035 քաղաքացի: «Նրանցից 1.537-ը հայրենիք է վերադարձել ոչ իր հաշվին»,- նշեց Մնացականյանը:

ՀՀ արտգործնախարարության ղեկավարը հայտնեց, որ Իտալիայից, Վրաստանից, Անգոլայից, Լեհաստանից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Միացյալ Արաբական Էմիրություններից, Սուդանից, Իրաքից, Ուկրաինայից, Սիրիայից, Քուվեյթից, Լիբանանից հանրապետության քաղաքացիների վերադարձի գործընթացը կազմակերպվել է մարտի 15-ից: Ընդ որում, նա հայտնեց, որ մայիսի 6-ին սպասվում է 30 քաղաքացու վերադարձը Ղազախստանից: Նույն օրը Հայաստանի 12 քաղաքացի հայրենիք կվերադառնա Հորդանանից:

«ՀՀ քաղաքացիների անվճար վերադարձը հայրենիք հնարավոր եղավ կազմակերպել արտաքին գործերի նախարարության` գործընկերների, սփյուռքի կազմակերպությունների եւ անհատ բարերարների հետ համագործակցության շնորհիվ: Իսկ եթե ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպել չի հաջողվում, ապա արտաքին գործերի նախարարությունը փորձում է նրանց հնարավորինս աջակցություն ցուցաբերել: Հենց այսպիսի ծանրաբեռնվածությամբ են աշխատում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները, մասնավորապես` Ռուսաստանում»,- հավելեց Մնացականյանը:

Նախարարը նաեւ նշեց, որ այս գործընթացն իրականացվում է` հաշվի առնելով կարանտինի հետ կապված Հայաստանի հնարավորությունները: