Այսօր ԱՄՆ Գերագույն դատարանը կքննի երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հարկային հայտարարագրերի վերաբերյալ գործը: Ինչպես փոխանցում է straitstimes.com-ը, պատմության մեջ առաջին անգամ նիստը տեղի կունենա հեռուստակոնֆերանսի ռեժիմում: ԱՄՆ-ում շատ դատարաններ արդեն առաջին տարին չէ, որ օգտվում են ժամանակակից տեխնոլոգիաների տրամադրած այս հնարավորությունից, սակայն այդքան բարձր մակարդակով առաջին անգամ է տեղի ունենում՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:
Ավելին՝ նիստը հեռարձակվելու է մի քանի լրատվամիջոցների ուղիղ եթերում: Գերագույն դատարանի շենքում սովորաբար արգելված է լրագրողների կողմից ցանկաված գրառող սարքերի օգտագործումը: Պաշտոնական ձայնագրությունները հասանելի են դառնում միայն մի քանի օր հետո: Այս անգամ դատավորներին (9 դատավոր է) եւ փաստաբաններին հնարավոր կլինի լսել իրական ժամանակում, իհարկե տեսապատկերի փոխարեն, կներկայացվեն միայն ելույթ ունեցողների լուսանկարները:
Գերագույն դատարանը քննելու է Թրամփի փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքը ցածր ատյանների դատարանների որոշումների դեմ: Դրանք երկրի նախագահին պարտավորեցրել էին ներկայացնել 8 տարվա հարկային հայտարարագրերը եւ բանկային գործարքների քաղվածքները: Թրամփի հակառակորդները փորձում են դրանց մեջ օրենքի հնարավոր խախտման վկայություններ գտնել, օրինակ՝ ապացուցել, որ նա հրաժադրամ է վճարել պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին լռելու համար, որը հայտարարել էր, որ նրա հետ սեքս է ունեցել:
Նախագահը մինչեւ հիմա հրաժարվում է հայտարարագրերը հրապարակել՝ հայտարարելով, որ դրանք հարկային ծառայությունում աուդիտ են անցնում: Այդ տվյալները կարող են լույս սփռել Թրամփի կարողության չափի, նրա պարտքային պարտավորությունների եւ այն ժամանակահատվածի գործարքների վրա, երբ բիզնեսմեն էր:
Ի դեպ, օրենքի համաձայն՝ ԱՄՆ նախագահները պարտավոր չեն դա անել, բայց Թրամփի նախորդները, այնուամենայնիվ, սովորաբար հրապարակել են իրենց եկամուտների վերաբերյալ տվյալները: Գերագույն դատարանը պետք է այս վեճի վերջակետը դնի:





























