Հայաստանը Ղարաբաղի հիմնախնդրով միակողմանի զիջումների չի գնա: Այս մասին մայիսի 4-ին ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում  ԱԳՆ 2018-2019 թվականների գործունեության քննարկման ժամանակ ասաց  ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ Հայաստանում մշտապես ասել են, որ հիմնախնդրի լուծումը հիմնված է փոխադարձ զիջումների սկզբունքի վրա: «Ոչ ոք չի կարող Հայաստանից ինչ-որ քայլեր սպասել, որոնք զիջումներ են ենթադրում եւ կարող են վնասել մեր ազգային անվտանգությունը»,- ասաց Մնացականյանը:

Ինչպես նշեց նախարարը, հասկանալի է, որ հարցն ակտիվորեն տարածվում է ներքաղաքական դաշտում, «ներքին քաղաքականությունը մնում է ներքին քաղաքականություն, որից ոչ մի տեղ չես փախչի»:

ԱԳ նախարարը հիշեցրեց, որ արդեն մեկնաբանել է ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հայտարարությունը: «Դրանից բացի, այդ հարցով բարձրաձայնվել են Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ-ների մամուլի քարտուղարների մեկնաբանությունները: Կարծում եմ, որ այս իմաստով այլեւս ավելացնելու բան չունենք: Ավելի շատ փորփրելու անհրաժեշտություն չկա»,- ասաց ԱԳՆ ղեկավարը:

Նախարաի խոսքով՝ դրանից բացի, հայակական կողմը առաջնային է հայտարարել Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, իսկ Հայաստանի առաջնահերթ խնդիրն է էքզիստենցիալ անվտանգության ապահովումը:

«2016 թվականի ապրիլի կրկնություն չի լինի, չեն լինի 1991-1994 թվականներ: Դրա համար մեր վճռականությունը կբավարարի»,- շեշտեց ԱԳՆ ղեկավարը՝ հավելելով, որ այս հարցում գոյություն ունի համազգային կոնսենսուս, որը հայկական կողմի դիրքերը միայն ամրապնդում է: