Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին գործնական հարց է: Այս մասին մայիսի 4-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին ՀՀ արտաքին գործերի նախարարության 2018-2019 թվականների գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարն արձանագրեց, որ մինչ այժմ դա չի հաջողվել, սակայն շատ արդյունավետ կլիներ բանակցությունների համար: «Սակայն մենք չենք հրաժարվում դրանից»,- ասաց նախարարը: Արտգործնախարարը շեշտեց հումանիտար ծրագրերի կարեւորությունը եւ վստահության մթնոլորտի ստեղծումը:

«Անհնար է հասնել կարգավորմանը, եթե մի ձեռքով բանակցել, իսկ մյուսով կրակել: Այս առումով վստահության մթնոլորտի ստեղծումը գործնական նշանակություն ունի: Ռիսկերի նվազեցման հետ կապված ոչ մի հարց չի կարող հանվել օրակարգից: Ուղիղ հաղորդակցման միջոց կա, եւ մենք մտադիր ենք ուժեղացնել եւ ընդլայնել այն տեղերում: Նույնը վերաբերում է մոնիտորինգային հնարավորությունների ամրապնդմանը, հրադադարի ռեժիմի խախտումների գնահատմանը: Խախտումների կրճատման վիճակագրություն կա: Ես դա զգուշությամբ եմ ասում»,- ասաց նախարարը: Նա գոհունակությամբ նշեց, որ անցյալ տարի հաջողվել է լրագրողների փոխանակման փոքր ծրագիր իրականացնել: Արդյունքները հարկ է համեստ գնահատել, բայց այն հաջողել է, կարելի է մտածել հաջորդ քայլի մասին, նշեց ԱԳՆ ղեկավարը: