Հայկական կողմը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այս մասին մայիսի 4-ին ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ԱԳՆ 2018-2019 թվականների գործունեության քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նրա խոսքով՝ բանակցությունների այլընտրանքը աղետն է: «Աղետը կառնչվի բոլորին: Դա պատասխանատվություն է երկրների հանրությունների եւ տարածաշրջանի առաջ: Բայց սրանից չի հետեւում, որ մենք կարող ենք առաջ գնալ սեփական անվտանգության հաշվին: Անհրաժեշտ է սպառնալիքների բացառում»,- հայտարարեց ԱԳ նախարարը:
Ի պատասխան այն հարցին, թե ինչի վրա են հիմնված տեղեկությունները փուլային եւ փաթեթային տարբերակների մասին, նախարարը նշեց, որ տերմինաբանությունը կապված է շատ ասպեկտների հետ, այդ թվում՝ պատմական: «Եթե որեւէ մեկը մտածում է, թե կարող է լինել այնպիսի փուլային տարբերակ, որի դեպքում խախտվում են պարտավորությունների համաչափությունը, ապա սաստիկ սխալվում է»,- շեշտեց նախարարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է փաթեթային տարբերակ ստեղծել, որտեղ պարտավորությունները վերահսկելի են, համաչափ, համադրելի: Պատգամավորներից մեկի այն դիտողությանը, թե հնարավո՞ր է արդյոք այդ կերպ եզրակացնել, որ Հայաստանի համար կարեւոր չէ փաթեթային, թե փուլային տարբերակ է, այլ կարեւոր է հավասարակշռությունը, նախարարը պատասխանեց անհասկանալի դիմաշարժությամբ:











