Ընթացիկ տարվա մարտի 1-ից հայրենիք է կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ Հայաստանի ավելի քան 63 հազար քաղաքացի: Այս մասին մայիսի 4-ին ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում  ԱԳՆ 2018-2019 թվականների գործունեության քննարկման ժամանակ ասաց  ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նախարարը շեշտեց, որ կորոնավիրուսի համավարակի ամենասկզբից ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի քաղաքացիներին կոչ անելով հայրենիք վերադառնալ: Այդ ժամանակ մեծ թվով ավիաընկերություններ արդեն դադարեցրել էին թռիչքներ իրականացնել, եւ մարդկանց վերադարձնելը դժվարացել էր: «Այն դեպքում, երբ մեզ չի հաջողվում կազմակերպել Հայաստանի քաղաքացիների արագ վերադարձը, մենք նրանց ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերում տեղում»,- հավաստիացրեց Մնացականյանը: