Արեգակի սեփականաշնորհումը ինչ-որ մեկի կողմից առնվազն անհեթեթություն է: Այս մասին ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը` անդրադառնալով Իսպանիայի քաղաքացի Անխելես Դուրանի կողմից Արեգակը 31 տարով սեփականաշնորհելու փաստին: Ըստ Rosbalt-ի, Դուրանը Արեգակի սեփականաշնորհումն ամրագրել է Իսպանիայի պետական հողային կադաստրում։

«Ես առաջին անգամ եմ լսում նման անհեթեթության մասին, որը ծիծաղ է առաջացնում»,-հայտարարեց Հարությունյանը: Նա անդրադարձավ նաեւ Rosbalt-ի այն տեղեկությանը, ըստ որի`գոյություն ունի Միջազգային համաձայնագիր, որը թեեւ ոչ մի պետության թույլ չի տալիս սեփականաշնորհել մոլորակներ կամ աստղեր, սակայն առանձին անհատների վրա այդ սահմանափակումը չի տարածվում: «Եթե կա այդպիսի միջազգային համաձայնագիր, ապա ես այսօրվանից կսկսեմ արհամարհել բոլոր դիվանագետներին, որոնք միջազգային համաձայնագրեր են կազմում: Դա անհնար բան է, որեւէ անհատ Արեգակ կամ Լուսին կամ գալակտիկայի որեւէ մարմին սեփականաշնորհել չի կարող եւ ցանկացած մեկը կարող է դատական հայց ներկայացնել այդ կապակցությամբ»,- նկատեց  աստղադիտարանի տնօրենը: Անձամբ նա նման նախաձեռնությամբ հանդես գալ առայժմ չի պատրաստվում, փոխարենը պատրաստվում է ուսումնասիրել փաստը: Հարությունյանը միաժամանակ նշեց, որ ինտերնետում կարող են հայտնվել ամենաանհավանական բաների մասին տեղեկություններ, որոնք հաճախ դուրս են տրամաբանությունից:

NEWS.am-ի զրուցակցի խոսքով`համաշխարհային պրակտիկայում գոյություն չունի արեգակնային համակարգի որեւէ օբյեկտի սեփականաշնորհման նախադեպ, սակայն գոյություն ունի տվյալ օբյեկտների անվանակոչության կարգ, որը կատարվում է Միջազգային աստղագիտական միության անվանակոչության հանձնաժողովի կողմից, որը ստանալով համապատասպան առաջարկներ` քնարկում է դրանց նպատակահարմարության հարցը: «Իսկ այն կոմերցիոն կազմակերպությունները, որոնք այսպես ասած` աստղ կամ մոլորակ են  «վաճառում», դա ընդամենը իրավական հիմքից զուրկ թղթի կտոր է»: 

Հայկ Հարությունյանը նշեց, որ հայազգի գործիչների անունով մեկ տասնյակից ավելի փոքր մոլորակներ են անվանակոչվել` Անի, Արմենիա եւ այլն: Մոլորակներ կան նաեւ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի, գրող Մարիետա Շահինյանի, լողորդ Շավարշ Կարապետյանի եւ այլոց անունով:  Իսկ Լուսնի վրա կա հայազգիների անունով կոչված երկու խառնարան`Սիսակյան եւ Շիրակացի: 

Նշենք, որ ըստ Rosbalt-ի` արեգակը սեփականաշնորհած իսպանուհին  պատրաստվում է Արեգակից օգտվելու համար վճար պահանջել Իսպանիայի բնակիչներից եւ զբոսաշրջիկներից, բայց թե ինչ կերպ՝ դեռեւս հայտնի չէ։