Հունաստանի կառավարությունը դատապարտել է Թուրքիայի սադրիչ գործողությունը, որի կործանիչները հետապնդել են Հունաստանի պաշտպանության նախարարին տեղափոխող հունական ուղղաթիռը, փոխանցում է AP-ն:
Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը հայտարարել է, որ կիրակի տեղի ունեցած միջադեպը եւս մի ապացույց է դարձել առ այն, որ «Թուրքիան հաճախ դուրս է գալիս ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ բարիդրացիության կանոնների սահմաններից»:
Հույն պաշտոնատար անձինք հայտարարել են, որ հունական կործանիչները կիրակի տեղի ունեցած միջադեպի ժամանակ թուրքական երկու ինքնաթիռ են որսացել: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ թուրքական ինքնաթիռները շարունակել են թռչել հունական Օինուս կղզու վրա պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսի եւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոնստանտինոս Ֆլորոսի այցի ընթացքում: «Թուրքիայի նման պահվածքը չի նպաստում լարվածության թուլացմանը, ինչին պետք է ձգտեն երկու կողմերն այս պահին»,- ասել է Պանայոտոպուլոսը: Հունաստանի արտգործնախարարությունը կատարվածը «թուրքական եւս մի անընդունելի գործողություն» են անվանել, որը հաստատում է «Թուրքիայի բացասական դերը տարածաշրջանում»:
Թուրքիան, իր հերթին, Հունաստանին մեղադրել է լարվածության սրման փորձի մեջ: «Մեր ռազմական ինքնաթիռներն առաջադրանք էին կատարում Էգեյան ծովում իրենց սովորական գործունեության շրջանակներում»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Համի Աքսոյը: «Կանոնավոր թռիչքների դրամատիզացման միջոցով լարվածության սրման փորձն անօգուտ է»,- ասել է Աքսոյը: «Դրա փոխարեն այս հարցերը պետք է լուծվեն վստահության ամրապնդման գործընթացքում, որը նախաձեռնվել էր երկու երկրների պաշտպանության նախարարությունների կողմից»:





























