Արցախի նախագահ Բակո Սահակյանի մոտ ապրիլի 30-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման հարցերին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման հարցին:

Երկրի ղեկավարը կարեւորել է ոլորտի զարգացումը` ընդգծելով, որ այն ունի եւ քաղաքական, եւ տնտեսական նշանակություն մեր հանրապետության համար: Նախագահը նշել է նաեւ, որ այս գործում ցանկալի արդյունք ապահովելու համար անհրաժեշտ է սերտ համագործակցություն հաստատել Հայաստանի եւ Սփյուռքի համապատասխան օղակների հետ: Այս կապակցությամբ Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հայաստանի ՏՏ ձեռնարկությունների միության  եւ մի շարք այլ կազմակերպությունների ջանքերը, որոնց ներկայացուցիչները ներկա էին խորհրդակցությանը:

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: