Ավստրալիայի իշխանությունները ավելի քան 450 մլն դոլար կհատկացնեն նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման, ինչպես նաեւ դեղերի որոնման եւ ախտորոշման միջոցների ստեղծման համար: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ավստրալիան կհատկացնի 352 մլն ավստրալական դոլար (230,3 մլն դոլար) COVID-19-ի դեմ գլոբալ ջանքերի եւ պատվաստանյութի որոնման համար: Մենք նաեւ 15 մլն ավստրալական դոլար (9,8 մլն դոլար) կուղղենք Համաճարակներին պատրաստականության ոլորտում ինովացիաների գլոբալ կոալիցիային [CEPI] եւ Ինովացիոն ախտորոշման հիմնադրամին [FIND] ախտորոշման նոր միջոցների ստեղծման աշխատանքների ֆինանսավորման համար»,- նշված է Մորիսոնի հայտարարության մեջ, որն այսօր հրապարակվել է կառավարության կայքում:
Երկրի վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը նաեւ 337 ավստրալական դոլար (220,2 մլն դոլար) կհատկացնի կորոնավիրուսային ինֆեկցիայի կանխարգելման, ախտորոշման եւ բուժման ոլորտում գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման համար: Այս միջոցները բաշխվելու են առաջատար ազգային կազմակերպությունների եւ գերատեսչությունների միջեւ, որոնց գործունեությունն ուղղված է վիրուսի հետազոտմանը, դեղերի որոնմանը եւ պատվաստանյութի ստեղծմանը:
Ներկայումս Ավստրալիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 6 849 դեպք: Երկրի հիվանդանոցներում են վիրուսի առաջացրած հիվանդությամբ 70 մարդիկ, եւս 824 մարդ ստանում է ամբուլատոր բուժում: Ապաքինվել է 5 859 մարդ, կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով մահացել է 96 հիվանդ:





























