Իրանն ու Թուրքիան COVID-19 կորոնավիրուսի բռնկման ֆոնին բանակցություններ են սկսել առեւտրային եւ գործնական սահմանները բացելու շուրջ, փոխանցում է Mehr-ը:
Իրանի առեւտրի աջակցության կազմակերպության (TPOI) ղեկավար Համիդ Զադբումն այս նպատակով տեսակոնֆերանսի ձեւաչափով բանակցություններ է վարել Թուրքիայի մաքսային եւ առեւտի փոխնախարար Ռիզա Թունա Թուրագայի հետ:
Կողմերը քննարկել են առեւտրի զարգացման, 2 երկրների միջեւ առեւտրային ապրանքների տարանցումային սահմանափակումները հանելու, ինչպես նաեւ համավարակի ժամանակ առեւտրային սահմանները բացելու հարցեր:
Զադբումը նշել է կորոնավիրուսի տարածման ժամանակ Իրանի ընդունած միջոցառումները՝ առողջության եւ կոմերցիոն բեռների անվտանգության ապահովման, ախտահանող միջոցների ստեղծման եւ հարեւան Թուրքիա ապրանքների արտահանման ժամանակ անվտանգության կանոնների լիակատար պահպանման համար, եւ թուրքական կողմին կոչ է արել սահմանները կրկին բացել սանիտարահիգիենիկ ուղեցույցների պահպանման դեպքում:
Թուրքիայի մաքսային եւ առեւտի փոխնախարար Ռիզա Թունա Թուրագայն իր հերթին ընդգծել է Իրանի հետ առեւտրի կարեւորությունը. «Թուրքիայի առեւտրի նախարարության պաշտոնյաները փորձում են հնարավորինս արագ բացել Իրանի եւ Թուրքիայի առեւտրային սահմանները, եւ դա տեղի կունենա ամենամոտ ժամանակում»:





























