Մայիսի 1-ին, այցելուների առջեւ կրկին իր դռները կբացի Երեւանի կենդանաբանական այգին: Տարեշրջանի բացման արարողությանը ավանդաբար մասնակցում են Երեւանի քաղաքապետն ու Երեւանի վարչական շրջանների ղեկավարները: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենդանաբանական այգու փոխտնօրեն Գայանե Սարգսյանը: Նա նշեց, որ վաղ առավոտից` ժամը 10-ից մինչեւ ուշ երեկո, այգում կանցկացվեն զվարճալի ու հետաքրքրաշարժ միջոցառումներ: Վաղ առավոտից այգու մուտքի մոտ այցելուներին կդիմավորեն հեքիաթի հերոսները, կկազմակերպվեն ատրակցիոններ, տիկնիկային ներկայացումներ: Այգում  հատուկ հրապարակ է լինելու, որտեղ այցելուները հնարավորություն կունենան նկարազարդել կենդանիների գիպսե արձանիկները:  Նոր կենդանատեսակներ, սակայն, չեն ներկայացվի: Այգու մուտքի տոմսն արժե 300 դրամ, իսկ ներսում մատուցվող ապրանքների եւ ծառայությունների գինը, Սարգսյանի հավաստմամբ, համեմատաբար էժան են դրսում մատուցվող ծառայություններից;  

Նշենք, որ այգու տնօրինությունը հատուկ կարգ է սահմանել եւ այսուհետ բարձրախոսներով այցելուներին կտեղեկացվի այգուց օգտվելու կանոնների մասին: Ըստ այդմ`կերակրել կենդանիներին, ձեռքը մտցնել կենդանիների վանդակներից ներս: Բոլոր նրանք, ովքեր չեն ենթարկվի կարգին, կտուգանվեն 10 հազար դրամով:   Արգելվում է նաեւ բարձր ձայներով կամ արտառոց շարժումներով գրավելը: Հատուկ ուշադրություն է դարձվելու նաեւ աղբ թափելուն. այգում տեղադրվել են հատուկ աղբամաններ շշերի եւ տուփերի համար:

Նշենք, որ այս օրերին Հայաստանում է Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանը: Նա Հայաստան է ժամանել Երեւանի կենդանաբանական այգու հետ համագործակցությունը հաստատելու համար: Օրեր առաջ էլ Երեւանում էին Ամստերդամի կենդանաբանական այգու մասնագետները, ովքեր 3 օր շարունակ քննել եւ առաջին օգնություն էին ցույց տվել Երեւանի կենդանաբանական այգու մի շարք կենդանիների: