Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում  միջադեպերը միշտ էլ կշարունակվեն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  նման կարծիք հայտնեց  Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի վերլուծական բաժնի ղեկավար, փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը: Նրա խոսքով` դա պայմանվորված է այն փաստով, որ Ադրբեջանը Ղարաբաղը համարում է իր տարածքը եւ չի հանգստանում:

Խոսելով արտաքին միջամտության կամ Ադրբեջանի նկատմամբ ճնշման հնարավորության մասին` Ալ. Խրամչիխինը պատասխան հարցադրում արեց` «Իսկ ո՞ւմ  կողմից»: Նրա կարծիքով` դրսից  ոչ ոք խորամուխ չի  լինի խնդրի մեջ` պարզելու, թե ով է առաջինն սկսել եւ ով է մեղավոր:

Հարցին, թե հնարվո՞ր են պատասխան քայլեր Հայաստանի կողմից` փորձագետն ասաց, որ համարժեք գործողությունները կհանգեցնեն հակամարտության էսկալացիայի. «Այդ ուղղությունը այսպես թե այնպես կտանի դեպի մեծ պատերազմ», - նշեց Խրամչիխինը:

Հիշեցնենք, որ ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի դիպուկահարների կողմից արձակված գնդակից ապրիլի 29-ին զոհվել էր երկու զինծառայող, մեկը` վիրավորվել էր: